ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դասական դժգոհության համախտանի՞շ

Դասական դժգոհության համախտանի՞շ
24.07.2009 | 00:00

Կարդացի ինձ հոգեհարազատ «Իրավունքը de facto» թերթի հուլիսի 21-ում տպագրված Ալբերտ Հովսեփյանի «Վերածվել են անհատույց արտահանվող «ապրանքի» թղթակցությունը հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մասին և... իսկույն պատկերացրի հայկական դասական դժգոհության համախտանիշի ոսկրոտ ոտքը, որ հասել է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի այսօրեական հեռուները։ Վերջապես հասել է, այլապես մենք` հասարակ մարզասերներս, ինչո՞ւ պետք է իրավունք ունենայինք այսքան երկար հիանալու մեր տղաներով ու նրանց հաղթանակներով, սրտի տագնապ ունենայինք նրանց պարտություններից և բնավ չմտածեինք, թե ով է կրում... յան-ով վերջացող ազգանուն, ով չի կրում։ Ինչ-որ տեղ նաև էքստազի մեջ մոռանայինք, որ նրանցից ոմանք հանդես են գալիս, ոմանք էլ հանդես չեն գալիս հայկական դրոշի ներքո։ Դրոշի պատիվը, այո, սուրբ բան է, սուրբ բան է օրհներգի պատիվը, բայց քի՞չ կան դրոշ և օրհներգ ոտնահարողներ հենց այս հողի վրա։ Սա ուրիշ հարց է։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, շաղկապել այդ երկու հանգամանքը, մանավանդ երբ գիտակցում ես պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտի տարբերությունը, և մի րոպե ինքդ քեզնից ելնելով մտնում ես այն տղաների մաշկի մեջ, ովքեր օտար ափեր են մեկնել քանի ջահել են և ուզում են անուն ու փառք վաստակել, ինքնադրսևորվել աստվածատուր իրենց շնորհներով, ինչու չէ, նաև փող աշխատել։
Խորհրդային իրականության ժամանակ կար բավականին շնորհալի միջինասիացի սիրող բռնցքամարտիկ (այլ կերպ մեր երկրում չէր էլ լինի)` Ռուֆաթ Ռիսկիև, որը կուբացի նույնպես շնորհալի բռնցքամարտիկներից մեկի հետ մենամարտում վնասվածք ստացավ, և մեր անծայրածիր ԽՍՀՄ-հայրենիքը մի քանի «գրոշ» չգտավ իր գրպանում` այդ տղային կանոնավոր բուժելու և կրկին ռինգ վերադարձնելու։ Սիրողներն այն ժամանակ փող չէին աշխատում (նրանց ամբողջ հասույթը, չնչին բացառությամբ, գնում էր կոմունիստական հայրենիքի գանձարանը)։ Եվ եթե նա, հիրավի շնորհալի այդ մարզիկը, հանդգներ անցնելու պրոֆեսիոնալների բանակ (այդպիսին ԽՍՀՄ-ում չկար, պետք է անպայման արտասահման մեկներ), նրան այդ հնարավորությունը չէին տա, անվերապահ հայրենիքի դավաճան կհամարեին ու ամենայն անպատվություն բաժին կհասցնեին։
Իսկ այստեղ, ահա, քսանամյա մեր անկախությունից հետո, հոդվածի հեղինակն առաջարկում է... «թող գնան, բայց թող հեռանան, երբ այլևս անելիք չեն ունենա հայկական բռնցքամարտի սիրողական ռինգում, երբ տարիքը կառնեն»։
Երբ տարիքը կառնեն, ու նրանք կգնան, անգամ իրավունք չեն ստանա տվյալ ժամանակվա մայքթայսոնների ու հոլիֆիլդների ռինգերի հատակը ավլելու։ Գնան ի՞նչ անեն այլևս։ Բացի այդ, մեզանում ո՞վ չգիտի, թե ինչպիսիք են սիրողական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ բռնցքամարտի հնարավորությունների տարբերությունները, ու նաև այն, թե ինչպիսի խեղճուկրակ բազա ունեն առաջինները մարզվելու և սպորտային բարձունքների հասնելու համար։ Առավելապես համաշխարհային մակարդակի։ Գուցե սա ի՞մ սիրողական մակարդակի պատճառաբանություն է, գուցե սա այն չէ՞, ինչ մտածում է Ալբերտ Հովսեփյանը։ Հապա ի՞նչ է։
Ես աղքատ եմ, նա աղքատ է, դու էլ աղքատ մնա, միայն թե հայրենիքո՞ւմ եղիր։ Բայց հայասիրություն-հայրենասիրությունն էլ միանշանակ բովանդակություն չէ. Շառլ Ազնավուրը, Սևդա Սևանը, Ռոզի Արմենը, Յուրի Ջորկաեֆը, Ալան Պրոստը բոլորովին էլ յան-ով վերջացող ազգանվանակիրներ չեն (ինչի համար ցավում է թղթակցության հեղինակը), բայց նրանք էլ մեզ համար շատ ու շատ սիրելի են, ինչպես Վիլյամ Սարոյանը, Արմեն Ջիգարխանյանը, Դմիտրի Խառատյանը... թեև ներքին զգացողություն ունեմ, որ նրանց նույնպես չսիրողներ կգտնվեն։ Դա էլ բնական է։
Եթե Կլիչկո եղբայրներն այդքան երանելի են (հեղինակի համար), թող մնային իրենց մայր ՈՒկրաինայում, որը մեր երկրի համեմատ շատ ավելի տարածուն է և հնարավորությունների տեսակետից` անհամեմատելի։ Ասում են, որ առաջիկա մանկական «Եվրատեսիլում» ՈՒկրաինան ներկայացնելու է հայազգի մի պատանյակ, և եթե Աստծո օրհնությամբ նա առաջին տեղը գրավի, կլինեն, ցավոք, ողբերգություն ապրող Ա. Հ.-եր, թե ինչո՛ւ նա հայ է, բայց հայաստանաբնակ չէ։ Ո՞վ իմանա Աստծո անքննելի գործերը։ Քի՞չ վրդովվողներ եղան, երբ մեր «Աստղիկները» իրենց «Եվրատեսիլում» երկրորդ տեղը շահեցին, որը պակաս պատվաբեր չէր ելույթ ունեցող տասնյակ երկրների ցանկում։
Երբ ես ժամանակակից սպորտին մոտ կանգնած իմ մի ընկերոջը հարցրի, թե ինչ տողատակ ունի Ա. Հ.-ի դժգոհությունը, որ միամտաբար չեմ կարողանում հասկանալ ու ըմբռնել, նա կես թախծոտ-կես կատակ ասաց.
-Գուցե սպասում էր, որ մեր պրոֆիներն իրենց միլիոնները պետք է բերեին ու կիսեի՞ն հայկական սպորտ-բիզնեսի այն ներկայացուցիչների հետ, որոնց շահերի պաշտպանության դիրքերից է հանդես գալիս ինքը։
Գուցե։ Չնայած չեմ ուզում հավատալ։ Որովհետև երբ ես անքուն գիշերներ եմ անցկացնում` դիտելով Ռոնալդոյի, Ռոնալդինյոյի, Բեքհեմի, Տոտտիի, Կասիլյասի, Վալդեսի և ուրիշների ֆուտբոլային ելույթները, չեմ սպասում, թե նրանք իրենց միլիոններից գեթ մի սենթ ուղարկելու են ինձ։ Նրանք ինձ պարգևում են իրենց խաղով հիանալու բերկրանքը, և դա մի ամբողջ երջանկություն է։
Տանյա ԹԱՆԴԻԼՅԱՆ
Նախկին սպորտային մեկնաբան

Դիտվել է՝ 3173

Մեկնաբանություններ